Մայիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում «Արարատբանկը» ներկայացրեց իր արժեկտրոնային պարտատոմսերի 8-րդ թողարկման պայմանները: Բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նախքան բուն իրադարձությունը անդրադարձավ տարեսկզբից արձանագրված վիճակագրությանը Հայաստանի արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած պարտատոմսերի առնչությամբ տարեսկզբից ակտիվություն է եղել շուկայում: IBRD-ն և AS-ը տարեսկզբից թողարկել են իրենց պարտատոմսերը դրամով արտահայտված, արդեն իսկ գործում է ռուսական ծՀԺ-ի` Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի հետ կապը, որը հայաստանյան արժեթղթերը հասանելի է դարձնում ռուսական շուկայում, և ռուս ներդրողները առանց Հայաստան գալու կարող են ձեռք բերել հայկական արժեթղթեր` թե պետական, թե կորպորատիվ: «Արարատբանկի» պարտատոմսերը ևս հասանելի են ռուսական շուկայում: Հայկական արժեթղթերը` առաջին փուլում իբրև պարտատոմսեր, հասանելի կլինեն եվրոպական շուկայում մինչև տարեվերջ: Պարոն Սարոյանը մանրամասնեց, որ նոր կապուղին վերաբերում է արտաբորսայական հաշվարկներին և վերջնահաշվարկին: Հիմնական հետաքրքրություն դրսևորել են ինստիտուցիոնալ ներդրողները` ներդրումային հիմնադրամներ, բանկեր, որոնց համար Հայաստան գալ ու հաշվեհամար բացելը արդեն պարտադիր չէ, իրենց երկրներում էլ կարող են նույնն անել: Պարոն Սարոյանը հիշեցրեց, որ տարեսկզբին հասանելի դարձան եվրապարտատոմսերը հայաստանյան շուկայում, և հիմնական ներդրողները դարձան հայկական բանկերը, քանի որ եվրաբոնդերը առաջնահերթ հենց նրանց էլ ուղղված են: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Կոնստանտին Սարոյանն անդրադարձավ նաև կենսաթոշակային կուտակային համակարգին` չխորանալով կուտակայինի մասով, նա ներկայացրեց հետևանքները արժեթղթերի շուկայում. «Կենսաթոշակային հիմնադրամներն արդեն ստանում են մասնակիցների միջոցները և ակտիվ ներդրումներ են կատարում, հիմնականում` ավանդներ, պետական պարտատոմսեր: Դիվերսիֆիկացման տեսանկյունից այդ հիմնադրամները ներդրումներ են կատարում օտարերկրյա հիմնադրամներում ու արժեթղթերում` ելնելով իրենց ներդրումային քաղաքականությունից: Գործընթացը վերահսկվում է: Թե դիվերսիֆիկացման, թե եկամտաբերության տեսանկյունից հիմնադրամները գործում են բավականին արդյունավետ: Մարտի 11-ից միջոցները հասանելի են դարձել ներդրումային հիմնադրամներին, և մինչ օրս եկամտաբերությունը տատանվում է 5-10 տոկոս` հանած կառավարման վճարը: Դա բավականին արդյունավետ ցուցանիշ է` հաշվի առնելով մեր տոկոսադրույքները: Քանի որ հիմնադրամները դիվերսիֆիկացված են, ունեն ոչ միայն դրամային, այլև արտարժութային միջոցներ»,- նշեց Կոնստանտին Սարոյանը: Անդրադառնալով «Արարատբանկին»` նա ասաց, որ տարեսկզբից ակտիվություն կա թե պարտատոմսերի, թե կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Անցած հինգ ամսում բանկն արդեն գրեթե հասել է 2013-ի ցուցանիշին` 2 միլիարդ դրամի շրջանառությանը, արդեն ունենալով 1,7 միլիարդ դրամի շրջանառություն: Բաժնետոմսերի մասով ևս առաջընթաց է գրանցվել. 2013-ին եղել է 1,5 միլիարդի շրջանառություն, 2014-ին` արդեն 1,4, կարելի է կանխատեսել, որ տեմպերը կկրկնապատկվեն: «Արարատբանկի» ակտիվությունն այս շուկայում ակնառու է ոչ միայն թողարկումների քանակով ու տեղաբաշխումների ծավալով, այլև ընդհանուր շրջանառությամբ. 2013-ի համեմատ բանկի արժեթղթերով եղել է 480 միլիոն դրամի շրջանառություն, այս տարի` արդեն 1,5 միլիարդ: «Եթե մենք համեմատում ենք «Արարատբանկի» արժեթղթերի եկամտաբերությունը կուպոնային եկամտաբերության հետ, 4-րդ թողարկման կուպոնային եկամտաբերությունը եղել է 12 տոկոս, միջին եկամտաբերությունը 11 տոկոս, դա նշանակում է, որ շուկան ավելին է ցանկանում ձեռք բերել, քան առաջարկվում է, նույնը` 5-րդ թողարկման դեպքում` 9 տոկոսի դիմաց` 8,89, այս տարի ևս հետաքրքրությունը պահպանվում է»:
«Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ բանկը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և որպես ակտիվ խաղացող պարտատոմսերի շուկայում` նախաձեռնել է հերթական թողարկումը: Նա անցած տարին հաջող որակեց բանկի համար. գրանցվել է ակտիվների աճ, 125 միլիարդ են կազմում ակտիվները, վարկային պորտֆելի աճ ևս կա` տարին փակվել է 60 միլիարդ դրամով, ժամկետային ավանդների աճ է եղել` տարին փակվել է 22,4 միլիարդ դրամով, կապիտալը տարեվերջին եղել է 19,6 միլիարդ դրամ, շահույթը եղել է 3 միլիարդ 83 միլիոն դրամ: Շահութաբերության ցուցանիշով «Արարատբանկը» ՀՀ բանկերի առաջատար եռյակում է:
«Արարատբանկը» պարտատոմսեր սկսել է թողարկել 2007-ից:
2007-ին թողարկման ծավալը եղել է 250 000 000 ՀՀ դրամ, անվանական արժեքը` 10 000 ՀՀ դրամ, քանակը` 25 000, ժամկետը` 12 ամիս, եկամտաբերությունը` 8 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 405 000 000 ՀՀ դրամ,
2008` թողարկման ծավալը եղել է 400 000 000 ՀՀ դրամ, անվանական արժեքը` 10 000 ՀՀ դրամ, քանակը` 40 000, ժամկետը` 18 ամիս, եկամտաբերությունը` 9 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 265 000 000 ՀՀ դրամ,
2009` թողարկման ծավալը եղել է 250 000 000 ՀՀ դրամ, անվանական արժեքը` 10 000 ՀՀ դրամ, քանակը` 25 000, ժամկետը` 18 ամիս, եկամտաբերությունը` 10 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 91 500 000 ՀՀ դրամ,
2011` թողարկման ծավալը եղել է 250 000 000 ՀՀ դրամ, անվանական արժեքը` 10 000 ՀՀ դրամ, քանակը` 25 000, ժամկետը` 24 ամիս, եկամտաբերությունը` 12 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 220 000 000 ՀՀ դրամ,
2012` թողարկման ծավալը եղել է 1 000 000 ԱՄՆ դոլար, անվանական արժեքը` 25 ԱՄՆ դոլար, քանակը` 40 000, ժամկետը` 36 ամիս, եկամտաբերությունը` 9 %, շրջանառությունը երկրորդային շուկայում 737 000 ԱՄՆ դոլար,
2013` թողարկման ծավալը եղել է 1 000 000 ԱՄՆ դոլար, անվանական արժեքը` 25 ԱՄՆ դոլար, քանակը` 40 000, ժամկետը` 36 ամիս, եկամտաբերությունը` 8,5 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 483 000 ԱՄՆ դոլար,
2013` թողարկման ծավալը եղել է 400 000 000 ՀՀ դրամ, անվանական արժեքը` 10 000 ՀՀ դրամ, քանակը` 40 000, ժամկետը` 36 ամիս, եկամտաբերությունը` 13 %, շրջանառությունը երկրորդային շուկայում` 95 000 000 ՀՀ դրամ:
Հիմա «Արարատբանկի» շրջանառվող պարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում ավելի քան 100 միլիոն դրամ է` պարտատոմսերով և 1 միլիոն 220 000 դոլար` դոլարային պարտատոմսերով: Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը, պարոն Հարությունյանը նշեց, որ թողարկվել է 40 000 անվանական, ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս 25 ԱՄՆ դոլար ավանական արժեքով, 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 4 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մայիսի 31-ից մինչև հունիսի 20-ը` բաժանորդագրության միջոցով: Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կտրվի արտարժութային պարտատոմսերով, առքուվաճառքից բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ: «Արարատբանկը» կատարելու է պարտատոմսերի երկու հետգնում, որոնց ընթացքում գնված պարտատոմսերը կարելի է հետ վաճառել բանկին: Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտատոմսերի գնման համար կարող են դիմել «Արարատբանկի» գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, իսկ ցուցակումից մինչև պարտատոմսերի մարումը` երկրորդային շուկայում, մասնավորապես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Արարատբանկը» տեղեկացնում է` եթե ավանդի ներդրման պարագայում ժամկետը խախտելիս դուք կստանաք միայն ներդրված գումարը, ներդրում կատարելով կորպորատիվ պարտատոմսերում, կարող եք շրջանառության ընթացքում ցանկացած պահի վաճառել պարտատոմսերը և ստանալ ոչ միայն ներդրված գումարը, այլև կուտակված տոկոսագումարները: